Հայաստանում պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Սա, ըստ նրա, էական բարելավում է, ինչն անդրադարձել է զինծառայողների սոցիալական վիճակի վրա։
«Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65 տոկոսանոց ատեստավորում»,- նշեց նախարարը։
Պապիկյանի խոսքով՝ բանակի ամենաարժեքավոր կապիտալը նրա մարդկային ռեսուրսն է։
Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ օրինական, թափանցիկ ու պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է։
«Արվում է առավելագույնը՝ զորակոչի օրինականությունը երաշխավորեու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա»,- նշեց նա։
Պապիկյանն ասաց, թե կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները։
«Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականն ու աքիլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է»,- ընդգծեց նա։
Նախարարն ասաց, որ շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր ու գերժամանակակից սարքավորումներով, ինչն ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը ու բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտագային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են ու հենց այս տրամաբանությամբ էլ շարունակվում են զինված ուժերի արդիականացմանն ուղված աշխատանքները։
«Մեր ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարդյունաբերությունը, 2022-ին ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր, հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,- նշեց նա։
Պաշտպանության նախարարն ընդգծեց՝ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
«Բանակի խեմալիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերություններից է»,- հավելեց Պապիկյանը։










