«Արդեն բավականաչափ թվով քաղաքացիներ են դիմել, և մենք առաջիկայում կկազմակերպենք, որպեզի նրանք տեսնեն սպառազինությունը: Կարևոր նաև այն է, որ մեր հանրությունն իմանա, որ այստեղ էլ ընդդիմության պնդումները սուտ են»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասպանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պաշտպանության նախարարը սպառազինությունը տեսնելու առաջարկ խորհրդարանին էլ է արել։
Ինչ վերաբերվում է սպառազինության զորահանդեսի կազմակերպման մասին հարցին՝ Փաշինյանն ասաց. «Կան կարծիքներ, որ զորահանդես պետք է անել, կան կարծիքներ, որ չպետք է անել։ Անկեղծ ասեմ՝ մենք կենտրոնացած ենք խաղաղության և խաղաղության օրակարգի վրա»:
Ըստ Փաշինյանի՝ եթե մենք նոյեմբերին կամ դեկտեմբերին զորահանդես կազմակերպեինք, տպավորիչ կլիներ, բայց մենք պատրաստվում ենք խաղաղության օրակարգին:
«Այո՛, բոլոր քաղաքացիները կարող են դիմել ձեռք բերված սպառազինությունը տեսելու համար, բայց, իհարկե, որոշակի ստուգման գործընթաց կանցնեն հատուկ ծառայությունների կողմից: Նման թեմա է սկսվում արծարծվել, որ թե կա, ինչու եք տանում առանձին ցույց տալիս, հրապարակային ցույց տվեք այդ ամեն ինչը: Գիտեմ՝ նման թեմա կա, գուցե, ակտիվանան նաև այն անձինք, ովքեր դեմ են այդ տրամաբանությանը: Կնայենք, կդիտարկենք, կքննարկենք, որևէ որոշում կկայացվի»,- հավելեց նա:
Փաշինյանն առաջարկեց, որ ընդդիմություն էլ կարող դիմել ձեռք բերված սպառազինությունը տեսնելու համար:
«Եթե իրենց բարձրացրած հարցերի մեջ անկեղծ են՝ ինչո՞ւ չեն գալիս: Ասում եք՝ կրճատեցիք, բանակը քանդեցիք, զինված ուժերը վերացրեցիք, ՀՀ-ն զինաթափեցիք, ասում ենք՝ թեման նուրբ է, չենք կարող ցույց տալ, եկեք, գնացեք տեսեք: Եթե դա իրենց իրոք մտահոգում է, պետք է րոպե առաջ այդ հնարավորությունից օգտվեն: Եթե այդ հնարավորությունից չեն օգտվում՝ նշանակում է՝ հիբրիդի մեջ են»,- եզրափակեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը նախկին նախագահներին և քաղաքացիներին առաջարկել էր ցույց տալ վերջին տարիներին գնած սպառազինությունը և զինտեխնիկան:
«Մտածեցի՝ մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ինևւ ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները»,-գրել էր Փաշինյանը:










