Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Aysor.am-ի այսօրվա հարցազրույցին, որն արվել էր Տաթևի վանական համալիրի վանահայր Հայր Սահակի հետ։
Aysor.am-ին տված հարցազրույցում Հայր Սահակը հերքել էր բոլոր լուրերը, թե հատուկ հանդիպել է Ալեն Սիմոնյանին, Հայր Սուրբն ասել էր, որ իրենց հանդիպումը պատահական է եղել։
«Որպես արցախցի՝ Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ի՞նչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել-գնացել։ Ես այդ խմբից որևէ մեկի հետ խոսելու, աղոթք անելու, ճաշի նստելու ո՛չ ցանկություն եմ ունեցել, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ, ես նման մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում։ Ես իմ տուն-տեղը, Գանձասարը թողել, եկել եմ այստեղ, դրանց հետ ի՞նչ խոսեմ»,- նշել էր Հայր Սահակը։
Ալեն Սիմոնյանը, սակայն, տեսանյութ էր հրապարակել ու հայտարարել, որ Հայր Սահակը ստել է։
Հայր Սահակը կրկին հարցազրույց տվեց Aysor.am-ին ու կրկին պնդեց՝ Ալեն Սիմոնյանին չի ուղեկցել, ընդամենը քայլել է նրա հետ։
«Ոմանց համար, գուցե, դա ուղեկցում է, ես ընդամենը քայլել եմ, բարևել եմ ու ընդհանուր խմբով ներս ենք գնացել»,- ասաց Հայր Սուրբը։
Ալեն Սիմոնյանը Հայր Սահակից հետաքրքրվել է, թե ինչ միջոցներով են վանական համալիրի տարածքում աշխատանքներ իրականացվում, Հայր Սահակն էլ արձագանքել է. «Մեր հավատացյալներով, մեր ժողովրդով փորձում ենք բարեկարգել, պայծառացնել մեր եկեղեցին»։
Հայր Սուրբը մինչև մեքնենա չի ուղեկցել Ալեն Սիմոնյանին, ինչպես պնդել էր ԱԺ նախագահը. «Ձիանոց կոչվող տարածք կա, այդտեղից հրաժեշտ եմ տվել»։
«Չգիտեմ՝ գուցե այդ հանդիպումն իր համար ջերմ էր, բայց իմ Արցախը տալուց հետո ես ոչ մեկի հետ ջերմ շփման եզր չունեմ»,- հավելեց Տաթևի վանական համալիրի վանահայրը։










