«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
ՀԱՊՀ-ում կստողծվի «Կրիտիկական մետաղների» գիտահետազոտական և նորարարական լաբորատորիա:
Այսօր ստորագրեցի դրամաշնորհային պայմանագիր Բուլղարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդար Պատարինսկիի հետ՝ նոր գիտահետազոտական և նորարարական լաբորատորիայի հիմնման վերաբերյալ։
Պոլիտեխնիկում կստեղծվի «Կրիտիկական մետաղների» գիտահետազոտական և նորարարական լաբորատորիա, որը կարևոր դեր կունենա կանաչ էներգիայի անցման և հանքահումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ որակյալ կրթության և հետազոտությունների զարգացման գործում։
Նորաստեղծ լաբորատորիան իր տեսակով կլինի առաջինը Հայաստանում և հնարավորություն կընձեռի իրականացնել համալիր ուսումնասիրություններ այն քիմիական տարրերի վերաբերյալ, որոնց պահանջարկը աճում է արևային էներգիայի և էլեկտրական տրանսպորտի ոլորտներում։
ՀՀ-ին Բուլղարիայի Հանրապետության զարգացման աջակցության շրջանակում լաբորատորիան կստանա նաև անհրաժեշտ սարքավորումներ՝ քիմիական անալիզի, ռեագենտների և օժանդակ պարագաների համալիրով։
Այս նախաձեռնությունը միտված է նաև արժեքավոր տարրեր պարունակող թափոնների վերամշակման և վերօգտագործման, ինչպես նաև շրջանառու տնտեսության և բնահեն լուծումների մշակման խնդիրների լուծմանը։
Պոլիտեխնիկը շարունակում է ձևավորել նորարարական կրթական միջավայրեր՝ միավորելով գիտությունը, տեխնոլոգիաներն ու կայուն զարգացման գաղափարները։












