Հոգևորականներն իրենց հրապարակային հայտարարություններում հակաեկեղեցական արշավ ձեռնարկած իշխանավորներին ու կարգալույծ հոգևորականներին պարբերաբար նախազգուշացնում են բանադրանքի, նզովքի հետևանքների մասին։
Aysor.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանից։
«Եկեղեցում այդ հարցերը գործընթացներով են անցնում, այնպես չէ, որ վաղը վերցնենք, մեկին բանադրենք: Շնորհների բաշխման և կարգապահական հանձնաժողովը պետք է քննի այդ հարցը, Վեհափառ հայրապետը՝ վավերացնի, նոր պաշտոնապես հայտարարվի այդ մասին», - ասաց Տեր Վրթանեսը:
Նրա խոսքով՝ որոշ իշխանավորներ իրենց չեն պահում այնպես, ինչպես պարտավոր է պահել քրիստոնյա հավատացյալը.
«Ոմանք բանադրանքի չափանիշներին բավարարում են, բայց դեռևս բանադրված չեն, որովհետև դրա համար էլ է եկեղեցուն ժամանակ պետք: 2 000 տարվա եկեղեցի է, մեր մեխանիզմները դեռևս միջնադարյան դանդաղությունն ունեն: Հապշտապ որոշումներ չեն կայացվում: Մեզ մոտ այնպես չէ, որ մի պաշտոնյա sms ուղարկի ենթակային, ինք էլ այդ sms-ի հիման վրա արագ որոշում կայացնի՝ x-ին ձերբակալի, հետո որոշի՝ ինչ հոդվածով է ձերբակալել»:
Տեր Վրթանեսից հետաքրքրվեցինք՝ Մայր Աթոռն այս պահին քննարկո՞ւմ է կոնկրետ պաշտոնյայի բանադրելու հարցը:
Ի պատասխան՝ նա ասաց.
«Բանադրանքին արժանի պաշտոնյաներ են Էրդողանը, Ալիևը, Փաշազադեն և առավել ևս՝ հայաստանյան իրենց կամակատարները՝ սկսած իրենց ամենաբարձր աստիճան ունեցող կամակատարներից, մինչև շարքային կամակատարները: Այս ընթացքի մեջ, եթե հարատևեն, ցավոք սրտի, բանադրանքի են արժանանալու»:










