Հոր կողմից խեղդամահ արված 3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրները ՀՕՖ-ում գտնվելու ընթացքում մեկ անգամ զրուցել են մոր հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տնօրեն Միրա Անտոնյանը։
«Առանձնապես ասելու բան չկա․ երեխաները դեռ պետք է հարմարվեն, հասկանանք, ճանաչենք։ Տարվում են այն աշխատանքները, որոնք ցանկացած նման պարագայում արվում են․ պարզ հիգիենայից, սննդից, հագուստից բացի՝ հոգեբանի և սոցիալական աշխատողի աշխատանք»,- ասաց Անտոնյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին խոսել դրական դինամիկայի մասին դեռ վաղ է, քանի որ երեխաները հարմարվելու փուլում են։ «Դրական դինամիկայի համար դեռ շատ շուտ է․ նրանք դեռ հարմարվելու փուլում են։ Երեխաներին հեշտ չէ, և այստեղ դինամիկան համարվում է ոչ թե ունակությունների տեղաշարժը, այլ այն, թե որքանով են հարմարվել»։
Միրա Անտոնյանի խոսքով՝ երեխաների տեղափոխությունը ինքնին սթրեսային գործընթաց է։ «Երեխաներին բնական վիճակից բերել են, և եթե նույնիսկ բերել են վատ վիճակից դեպի լավը, միևնույն է՝ դա բնական միջավայրի փոփոխություն է, որը բնականաբար սթրեսային է»,- ասաց Անտոնյանը։










