Ռուբինյանի հարցով Ալեն Սիմոնյանին փորձեցի զանգել, անհասանելի էր, երևի Սուպեր Սաքոն այստեղ է, առանձնացել են. Էդգար Ղազարյան


Ռուբինյանի հարցով Ալեն Սիմոնյանին փորձեցի զանգել, անհասանելի էր, երևի Սուպեր Սաքոն այստեղ է, առանձնացել են. Էդգար Ղազարյան
Նոյեմբեր 10 16:09 2025

«Ազգային Ժողովից զանգահարեցին, ասացին, որ Ռուբեն Ռուբինյանը հարկ չի համարում ընդունել միայն ինձ»-ԱԺ ընդունարանում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգրա Ղազարյանը։

 

 Նա բացատրեց, որ այդ իրազեկումը նշանակում է, որ քաղաքացիների հետ ընդունելությունը կայանալու է, Ռուբինյանն առողջ է, ի վիճակի է ընդունելություն կազմակերպել, բայց իրեն չի ընդունում։

 

«Պարոն Ռուբինյանը 5-րդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը, որն նկարագրված է քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածում, այն է խտրական վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով»,- ասաց Ղազարյանը։

 

Նա հիշեցրեց, որ ի պատասխան ՄԻՊ-ի պահանջին ՝ ԱԺ-ից պարզաբանել են, որ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը իրեն չեն ընդունում, քանի որ նա քաղաքական գործիչ է։

 

«Իրենք իրենց գրավոր պարզաբանմամբ հաստատել են քաղաքականության իմաստով խտրական մոտեցումը»- ասաց հասարակական-քաղաքական գործիչը։

 

 Ղազարյանը հայտնեց, որ այսօր զանգահարել է նաև ԱԺ նախագահին, որպեսզի պարզաբանում ստանա նրա տեղակալների գործողությունների վերաբերյալ։

 

«Ալեն Սիմոնյանին փորձեցի զանգել, անհասանելի էր, երևի Սուպեր Սաքոն այստեղ է, հավանաբար առանձնացել են»-ասաց Ղազարյանը և նշեց, որ նորից կփորձի կապ հաստատել ԱԺ նախագահի ընդունարանի հետ, որպեսզի իրեն էլ տեղյակ պահեն, որ արդեն 5-րդ ամիսն է, ինչ ԱԺ փոխնախագահներն խտրական վերաբերմունք են ցուցաբերում և ընդունելության չեն արժանացնում։

 

Ղազարյանը տեղեկացրեց, որ իրեն չընդունելու յուրաքանչյուր դեպքով հաղորդում է ներկայացրել, սակայն Քննչական կոմիտեն Վարույթ չի հարուցել, որից հետո երկու անգամ դատարանում շահել է հայցը, բաց ՔԿ-ն դրանից հետո ընդամենը մեկ օրով է վարույթ բացել և փակել։

 

Նա հայտարարեց, որ ՔՊ խմբակցության 24 պատգամավորի դեմ հայց ե ներկայացրել, որոշների դեմ՝ մի քանի անգամ և նրանց փրկությունը իմպիչմենտին միանալն է։

 

«ԱԺ-ում, 24 հոգանոց խմբակցություն ունեմ, որոնց վրա քրեական գործ կա և նրանց միակ փրկությունը Հայկ Մամիջանյանի մոտ գնալը և իմպիչմենտի գործընթացին միանալն է, հենց այդքան ստորագրություն էլ պակասում է իմպիչմենտի համար»,-ասաց Ղազարյանը։

 

 Ավելի ուշ Էդգար Ղազարյանը կարողացավ կապ հաստատել ԱԺ նախագահի գրասենյակի հետ, որտեղ նրան խորհուրդ տվեցին գրանցվել ընդունելության Սիմոնյանի օգնականների մոտ, ինչն էլ նա արեց։