Երևանի N 11 մսուր-մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ


Երևանի N 11 մսուր-մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
Նոյեմբեր 7 15:09 2025

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ռուսթավելի 19): ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

 

ՍԱՏՄ-ից մանրամասնում են, որ խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, կատարվի համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, հնարավոր լինի պայքարել միջատների դեմ,

 

սննդամթերքի պատրաստման, մշակման համար նախատեսված հատվածում հատակը չի ունեցել հարթ մակերես, գտնվել է ոչ նորոգ վիճակում,

 

պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,

 

առաստաղները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

 

դռները հարթ չեն եղել՝ բացառելով դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը:

 

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: