Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե սա կարևոր ու պատմական իրադարձություն է։
«Այժմ սպասում ենք երկրորդ շարժակազմին՝ Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ սա կարևոր հանգրվան է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ու Վաշինգտոնի հռչակագրի կետերի իրագործման առումով։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից դեպի Կոռնիձոր ու հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանից Թուրքիա ու Թուրքիայից Ադրբեջան ապահովել բեռնատարների տարանցումը, լիովին պատրաստ ենք, կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին թե՛ Կոռնիձորի, թե՛ Մարգարայի կողմից, պատրաստ ենք անցումը սպասարկել»,- ասաց վարչապետը։










