Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին՝ երկաթուղու ապաշրջափակման ուղղությամբ կատարած աշխատանքի համար։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ իրենց համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով տրանսպորտի կազմակերպման գործում իր կառուցողական մասնակցության համար»,-ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ անկախության հռչակումից հետո առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային ուղիղ կապ է հաստատվում՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ ՌԴ փոխվարչապետը նշել է, որ սա իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, աշխատանքի վկայությունն է՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման։
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ, բարձրացնում է Հայաստանի շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետությունների ապրանքների համար, ինչպես նաև բարելավում ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։






