Վրաստանի հայ համայնքը կոչ է անում վրացական իշխանություններին արգելել Ադրբեջանի կազմակերպած համերգը


Վրաստանի հայ համայնքը կոչ է անում վրացական իշխանություններին արգելել Ադրբեջանի կազմակերպած համերգը
Նոյեմբեր 6 10:52 2025

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ Թբիլիսիում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի կազմակերպած համերգի անցկացումն անընդունելի է և կոչ է արել վրացական իշխանություններին չեղարկել միջոցառումը։

«Դիմում ենք Վրաստանի Մշակույթի նախարարությանը՝ իր ուշադրության տակ առնի այն փաստը, որ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպում է համերգ՝ խորագրով «Հաղթանակի օրվա 5-րդ տարելից-Նոյեմբերի 8»։ Ադրբեջանն այդ օրը նշում է որպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի հաղթանակն Արցախում (Լեռնային Ղարաբաղում)։ Միջոցառումը անցկացվելու է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ՝ ավելի քան 700 հոգանոց դահլիճում։ Շենքում, որը հիմնադրել է Եսայի Պիտոյեվը, իսկ կառուցմանն աջակցել է մեցենատ Ալեքսանդր Մանթաշեվը։

2020 թվականի պատերազմի ընթացքում հազարավոր հայեր զոհվեցին, բազմաթիվ ընտանիքներ ոչնչացվեցին, իսկ Արցախի տարածքի 11 458 քմ օկուպացվեց, այդ թվում՝ պատմական Շուշի քաղաքը, և պատմության մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց հայերի՝ Արցախի բնակիչները վտարվեցին իրենց պապական հողերից։ Այդ իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելն անընդունելի է։

Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ​​ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Մենք համոզված ենք, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը, որպես երկրի մշակութային և բարոյական արժեքները պաշտպանող մարմին, չպետք է անտարբեր մնա նման դրսևորումների նկատմամբ, քանի որ Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը։

Հորդորում ենք դիտարկել պետական ​​մշակութային հաստատություններում նման միջոցառումների անցկացումը կանխելու հնարավորությունը և արտահայտել դիրքորոշում, որը համապատասխանում է հումանիզմի, արդարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ոգուն»,-ասված է Վրաստանի հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ: