«Փաստաթղթերով երեխայի թե՛ մայրը, թե՛ հայրը առողջ են, միայն իրենց մեկ երեխան ուներ առողջական խնդիրներ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ծափաթաղի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գզողյանը՝ անդրադառնալով հոր կողմից ծափաթաղցի 3 ամյա Տիգրանի սպանությանը:
Նա չմեկնաբանեց այս ընտանիքում անառողջ մթնոլորտի, երեխաների նկատմամբ ծնողների կողմից պարբերաբար բռնության մասին տեղեկությունները. «Չեմ կարող նման բան ասել: Բռնությո՞ւն... Տիգրանը, համենայնդեպս, մանկապարտեզ էր հաճախում, իր վրա բռնության որևէ հետք չի եղել: Ինքը դեպքի օրն էլ մանկապարտեզում է եղել»:
Գզողյանը հավելեց՝ իրեն շատ է հետաքրքրում երեխայի սպանության պատճառը, բայց իր համար էլ է հանելուկ կատարվածի շարժառիթը:
«Իրենք միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված են եղել, նպաստ են ստացել: Այն բոլոր կազմակերպություններից, որոնց հետ համայնքը աշխատել է, բոլոր տեսակի օգնություններից այս ընտանիքը օգտվել է: Մեր ուշադրության ներքո են եղել: Այնպես չէ, որ ծայրահեղ աղքատ են եղել: Անասուն պահող ընտանիքը ծայրահեղ աղքատ չի լինում»,- շեշտեց Գզողյանը՝ մեկնաբանելով քննադատությունները, թե Տիգրանի մահվան հարցում մեղքի առյուծի բաժինը (եթե ոչ ամբողջական) ունի հենց պետությունը։
Հիշեցնենք, որ այսօր երեք ամյա Տիգրանին խեղդամահ անելու համար կալանավորվել է երեխայի հայրը:

										









