Տեր Թադեի ու Տեր Տարոնի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է


Տեր Թադեի ու Տեր Տարոնի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է
Նոյեմբեր 3 14:55 2025

Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանի կարգապահական հարցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, այս մասին Aysor.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Բացի Տեր Թադեից, հանձնախմբի օրակարգում է նաև Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագին մասնակից Տեր Տարոնի հարցը։

Տեր Եսայիից հետաքրքրվեցինք՝ Տեր Տարոնն այժմ որևէ տեղ որպես քահանա ծառայություն իրականացնո՞ւմ է՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենն էլ ասաց, որ նա այս պահին որևէ տեղ նշանակում չունի։

Հիշեցնենք՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին։

Տեր Թադեն նշել էր, թե, իբր, եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։

Տեր Տարոնն էլ ասել էր, թե Տեր Արամի ու Տեր Թադեի խոսքն իր համար եղել է լույս, «լույս՝ տեսնելու համար, որ նույնիսկ Եկեղեցու մեջ լռելով չի փոխվի ոչինչ»։

Երկու կիրակի անընդմեջ Հովհաննավանքում կեղծ պատարագի մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի գնալու է Թալին՝ մասնակցելու Տեր Թադեի կողմից մատուցվող պատարագին։