Ով է Փաշինյանի` անդադար «փոփոխվող» խորհրդականներից Արտակ Քամալյանը եւ ինչ է հայտարարագրել. ArmLur.am


Ով է Փաշինյանի` անդադար «փոփոխվող» խորհրդականներից Արտակ Քամալյանը եւ ինչ է հայտարարագրել. ArmLur.am
Նոյեմբեր 3 08:19 2025

ArmLur.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականներին հաճախ «փոփոխելու» սովորություն ունի։ Վերջերս Լիլիթ Մակունցը նշանակվեց վարչապետի խորհրդական, իսկ նախորդ տարի՝ 2024 թվականի օգոստոաին, մեկ այլ խորհրդական էր նշանակվել՝ Արտակ Քամալյանը։
ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մինչ վարչապետի խորհրդական լինելը Քամալյանը ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) էր։ Մինչեւ 2018 թվականը վարչապետի խորհրդականը քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, իսկ, ահա, հեղափոխությունը շրջադարձային է եղել Արտակ Քամալյանի համար։ Քամալյանը 2018 թվականին աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2019-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ապա 2020 թվականից հաստատվել էր ԵՏՀ-ում։

Մինչ այս պաշտոնը Արտակ Քամալյանը հայտարարագիր չի ներկայացրել․ նա միայն պարտականությունները ստանձնելու օրը եւ այս տարի է լրացրել տարեկան հայտարարագիրը։

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրի՝ Քամալյանը ունի 4 անշարժ գույք․ 2 հողամաս Տավուշի Խաշթառակ համայնքում՝ ձեռք բերված 1991 թվականին, 1 անհատական բնակելի տուն Աջափնյակ վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2023 թվականին եւ 1 գույք, որի մասին բոլոր տվյալները պաշտպանված են։

Համաձայն հայտարարագրի՝ եւս մեկ բնակարան հայտարարագրված է որպես «90 օրից ավելի նրա կողմից տնօրինվող գույք», որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։

2023 թվականին, բացի տնից, Քամալյանը ձեռք է բերել նաեւ 2021 թվականի արտադրության Tesla մակնիշի մեքենա։

Վարչապետի խորհրդականը ներկայացրել է խոշոր չափի դրամական միջոցների հայտարարագիր։ Մասնավորապես, նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 116 հազար ռուբլի, 37 հազար 360 դոլար, 42 հազար 33 եվրո, 3 մլն 54 հազար դրամ։
Բանկային հաշիվներում դրամական միջոցները տարեսկզբի համեմատ աճել են գրեթե 2 մլն դրամով․ եվրոն նվազել է գրեթե 6-7 հազարով, հինգ հազարով աճել են դոլարային միջոցները։
Էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները կազմել են 52 հազար 143 դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է 20 հազար դոլարով։

Քամալյանի կանխիկ դրամական միջոցները եւս նվազել են տարեսկզբի համեմատ․ օրինակ՝ 7 մլն 854 հազար դրամը տարեվերջին դարձել է 3,9 մլն դրամ, 47 հազար 310 եվրոն՝ 39,8 հազար եվրո, 54 հազար 320 դոլարը՝ 43,1 հազար դոլար։

ArmLur.am-ը տեղեկացսվ, որ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 262 հազար դրամ, որից 3 մլն 582 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Վարչապետի աշխատակազմից, իսկ 1 մլն 262 հազար դրամը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Արտակ Քամալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 106 մլն 801 հազար դրամ, որը անհատական բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Հաշվի առնելով Արտակ Քամալյանի ֆինանսների ճոխ պատկերը՝ հարց է առաջանում, թե ինչ աղբյուրներից են այս տասնյակ հազարավոր դոլարներն ու եվրոները․ պատասխանը, սակայն, անհասանելի է մեզ․ այն գաղտնի է պահվում:

ArmLur.am-ը պարզեց, որ Քամալյանը վարկերի մարմանն ուղղել է 8 մլն դրամ, հանգստի կամ ուսման համար ծախսեր չի կատարել։ Սա հիմք ընդունելով՝ հետաքրքիր է նաեւ, թե ինչի հիման վրա են պակասել նրա ունեցած դրամական միջոցները։ Ուրեմն նա այլ գործերով է զբաղված, որոնց մասին թափանցիկ չի ներկակացրել պետական լիազոր մարմնին»։