Ձերբակալվել են Վեհափառ Հայրապետի եղբայրն ու եղբորորդին


Ձերբակալվել են Վեհափառ Հայրապետի եղբայրն ու եղբորորդին
Նոյեմբեր 2 23:52 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ սուտ մատնության հիման վրա ձերբակալվել են Վեհափառ Հայրապետի եղբայրն ու եղբորորդին։

 

Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

 

«Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։

 

Այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:

 

Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ:

 

Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:

 

Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության՝ ժամը 16:00-ի հանդիպմանը:

 

Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

 

Այս բոլորը տեսագրված է: Դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց, ավելի վաղ, քան «Հանրապետություն» կուսակցության նախընտրական հանդիպումը:

 

Հարգելի՛ քննիչներ, եղբայրաբար հորդորում եմ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի՛ կարելի նման սուտ մատնություններով մարդկանց հասցնել կալանքի:

 

Այս ամեն ինչը ժամանակավոր է»։