«Մի լուրջ դեմքով էլ հավաքվել, քննարկում են՝ իբր իրենց օրոք և նախաձեռնությամբ չէ, որ վերացվել է բանկային գաղտնիքը, մարդկանց անձնական կյանքի, նամակագրության ու գաղտնիության իրավունքները և այդպես շարունակ…»,-գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգի շուրջ քննարկումներին։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախ մանրամասներ է ներկայացրել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ, անդրադարձել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին: Հաշվի առնելով առկա խնդիրները և բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ ներկայացվել է անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը, որի հիմքում կլինի գործող օրենսդրության և պրակտիկայի լավարկումը: Ընդգծվել է, որ իրականացվող բարեփոխումները կնպաստեն նաև ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը, այդ թվում՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացին: Սրբուհի Գալյանը նշել է, որ հայեցակարգի մշակման հիմքում այլ վերլուծություններին զուգահեռ, ուսումնասիրվել է այլ երկրների փորձը ևս:









