ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մասնավորապես, Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դրանք ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ակտերի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետներում չի կատարել:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։
Yerkir.am-ը գրում է, որ Արման Բաբաջանյանը դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը բավարարվել է։ Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավոր էր հերքել և ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար, սակայն, ավելի քան երեք տարի վճիռը չի կատարել։









