21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. «Ժողովուրդ»


21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 1 09:23 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրով Արագածոտնի թեմի բոլոր հոգեւորականներին ՀՀ Քննչական կոմիտե կանչած քննիչը այլեւս չի հետաքրքրվում այդ գործով: Նոր ծանուցումներ չկան, իսկ հոգեւորականների՝ քննչական գնալու պատրաստակամությունը փաստացի մերժվում է:

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգեւորականներ հայտարարության միջոցով տեղեկացրին, որ 19 քահանայի եւ 2 սարկավագի փոխանցվել են Քննչական կոմիտեի ծանուցագրեր կիրակի օրը՝ ժամը 9։00-ին, հարցաքննությանը ներկայանալու պահանջով։ Հասկանալի է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ էր՝ Հովհաննավանքում կայանալիք պատարագից առաջ մյուս բոլոր հոգեւորականներին Արագածոտնի թեմից «հավաքելու» նպատակով, որպեսզի Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա), Նիկոլ Փաշինյանին դիմավորեր վանքում, պատարագ մատուցեր եւ հաղորդություն տար: Ծանուցման հեղինակը Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանն էր:

 

«Ժողովուրդ» օրաթերթը հոգեւորականների պաշտպաններից փորձեց տեղականալ, թե ինչ ընթացք ունեցավ ծանուցումների գործը. պարզվեց՝ ոչ մի ընթացք չկա: Փաստաբաններից տեղեկացանք, որ շաբաթ օրվանից հետո որեւէ մեկը ծանուցում չի ստացել, հոգեւորականների կողմից հայտնված պատրաստակամությունը՝ մեկ այլ օր ներկայանալու Քննչական կոմիտե, փաստացի մերժվել է:

 

Հիշեցնենք, որ այս կիրակի էլ է Նիկոլ Փաշինյանը որոշել կարգալույծ հռչակված քահանայի մասնակցությամբ պատարագի մասնակցել»։