Զինծառայության ժամկետի կրճատումը՝ իշխանության նախընտրական կաշառք. Ռազմական փորձագետ


Զինծառայության ժամկետի կրճատումը՝ իշխանության նախընտրական կաշառք. Ռազմական փորձագետ
Հոկտեմբեր 31 18:43 2025

2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս դարձնելու կառավարության որոշումը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը համարում է նախընտրական կաշառք զորակոչիկների ընտանիքներին:

 «Կարճաժամկետ հեռանկարում այս որոշումը նախընտրական կաշառք է պոտենցիալ ընտրողների ինչ-որ մի խմբին, իսկ երկարաժամկետ հեռանկարում սա բանակի թուլացման, բանակի քայքայման գծի մեջ է: Անընդհատ «բարեփոխում» բառն են օգտագործում: Իբր զենքի գնումներ են անում՝ մեծ աղմուկով, հետո գալիս է պատերազմը, և մեծ շուքով գնված թանկարժեք ինթնաթիռները պատերազմին չեն ներգրավվում: Եթե այդ գովազդային ամբողջ աղմուկը՝ խորոված, ելակ, ՍՈւ-30, դնում ենք մի կողմ, բանակը անընդհատ քայքայվել ու թուլացել է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Զինվորական պարտադիր ծառայության ժամկետի արդյունքում, ըստ փորձագետի,  բանակում կրճատվելու է նաև կենդանի ուժը. «Ինչքան էլ խաղաղության, դրախտային ապագայի մասին լոլոներ կարդան, մեկ է՝ բանակում ինչ-որ քանակի մարդիկ պետք է լինեն, եթե ուզում ենք մինիմալ անվտանգություն ունենալ»:

Վրթանեսյանի կարծիքով՝ բանակում կենդանի ուժի պակասը,  ամենայն հավանականությամբ, լրացնելու են պահեստազորայինների վարժական հավաքներին կանչվողների թիվն ավելացնելու հաշվին.

«Ասում են՝ պայմանագրայինների թիվն են ավելացնելու, բայց քանի որ բանակի բյուջեն կրճատվում  է, պարզ չէ, թե ինչի հաշվին են պայմանագրայինների թիվն ավելացնելու: Առավել ևս, այնպես չէ, որ այս ջախջախված վիճակում մարդկանց հերթեր են կանգնած, որոնք ուզում են պայմանագրային զինծառայող դառնալ»: