Աջափնյակ մետրոյի նոր կայարանի փաստաթղթերի համար նախատեսված է մոտ 2 մլրդ դրամ


Աջափնյակ մետրոյի նոր կայարանի փաստաթղթերի համար նախատեսված է մոտ 2 մլրդ դրամ
Հոկտեմբեր 31 17:22 2025

2026 թվականին Երեւանի քաղաքապետարանին պետբյուջեից կհատկացվի շուրջ 56 մլրդ 567 մլն դրամ, ԱԺ-ում այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ առկա դրամաշնորհային միջոցներով նախատեսվում է 15.1 մլրդ դրամ, սուբվենցիոն ծրագրերով՝ 1.3 մլրդ դրամ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ 8.2 մլրդ դրամ և շինաշխատանքների ավարտի համար նախատեսվում է 2.4 մլրդ դրամ, որը հիմնականում Բուսաբանական այգու և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման համար է նախատեսված:

 

Մետրոպոլիտենի ենթակառուցվածքի նորոգման համար նախատեսվել է 2.5 մլրդ դրամ, Աջափնյակ մետրոյի նոր կայարանի փաստաթղթերի համար նախատեսված է մոտ 2 մլրդ դրամ, իսկ Մետրոպոլիտենի սուբսիդիան նվազել է՝ դառնալով 1 մլրդ դրամ:

 

Քաղաքապետի խոսքով՝ պետական աջակցությամբ իրականացվում են 10 մլրդ դրամի շինարարական տարբեր աշխատանքներ, տարբեր հատվածներում:

 

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են: Եթե 2023 թվականին Երևանի քաղաքապետարանն ուներ 30 մլրդ դրամից մի փոքր ավելի սեփական եկամուտներ, ապա 2025 թվականին արդեն սեփական եկամուտների մակարդակը հասել է մոտ 92 մլրդ դրամի: