Պարտության սիմվոլներով ուզում են ավարտել էս երկրի կենսագրությունը, իրար հավատալով կարող ենք հաղթել. Խաչիկ Մանուկյանի քարոզարշավը՝ Վաղարշապատի համայնքներում․ Լուսանկարներ


Պարտության սիմվոլներով ուզում են ավարտել էս երկրի կենսագրությունը, իրար հավատալով կարող ենք հաղթել. Խաչիկ Մանուկյանի քարոզարշավը՝ Վաղարշապատի համայնքներում․ Լուսանկարներ
Հոկտեմբեր 31 15:31 2025

Վաղարշապատի համայնքներում նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շրջեց Դաշտ, Շահումյան, Մոնթեավան և Հայթաղ բնակավայրերում՝ անձամբ լսելու բնակիչների մտահոգությունները և խոսելու լուծումների մասին։

Քարոզարշավի առաջին կանգառը Դաշտ համայնքում էր։ Համայնքի ղեկավարի թեկնածուն ծաղիկներ խոնարհեց հերոսների հիշատակի խաչքարին, ապա հանդիպեց բնակիչներին՝ լսելու նրանց հուզող խնդիրները և ներկայացնելու իր տեսլականը համայնքների զարգացման վերաբերյալ։

Առաջնային խնդիրը, ըստ բնակիչների, վերգետնյա անցման անհրաժեշտությունն է, քանի որ հատկապես երեխաների համար միջպետական այս ճանապարհն անցնելն իսկական փորձություն է։

Խաչիկ Մանուկյանը բնակիչների հետ զրույցում կարևորեց, որ մարդիկ իրենց ապագան տեսնեն հայրենիքում:

«Այն մարդը, ով ասում է, որ չի գնալու ընտրության, «ինձ պետք չի», այդ մարդը չի հավատում ո՛չ իր երկրին, ո՛չ նրա շարունակությանը։ Մենք լավ երկիր ենք ժառանգել մեր պապերից ու ծնողներից, հիշում ենք, թե մարդկային հարաբերություններն ինչ լավ ու կարգին էին։ Այդ ամբողջը հիմա մեր աչքի առաջ տրոհվում է։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես են ատելություն սերմանում, հավատավորի և  անհավատի բաժանում մարդկանց, Մայր Աթոռի դեմ են հարձակվում, և արդյունքը ցավալի է։ Ու դեռ չեն կշատանում, տանում են, կարգալույծ քահանաների հետ պատարագ անում, ինչ խայտառակություն ասես՝ տեսնում ենք», -ասաց թեկնածուն։

Ըստ նրա՝ դրան հակազդելու ձևը պետք է մշակել և կարողանալ պաշտպանել մարդկանց հավատը։

«Հիմա ինչ-որ խումբ ասում է՝ դուք ճիշտ չեք ապրում․ էս՝ դուք, էս՝ մոլորակը... պետությունն ի՞նչ եք անում, երկիրն ի՞նչ եք անում, հայ լինելն ի՞նչ եք անում, Մայր Աթոռն ի՞նչ եք անում»,-ասաց նա:

Խաչիկ Մանուկյանի խոսքով՝ նույն իշխանավորները, հակառակ պետության ներսում իրենց քայլերին՝ «երբեք բերանները չեն բացում ու Ալիևին ասում՝ մեր ղեկավարին ինչի՞ ես ասում հարբեցող ծաղրածու, կամ՝ հիվանդ հասարակություն։ Շարունակում են անթասիբ ապրել»: 

Նա նաև կարևորեց կենցաղային հարցերի լուծման նշանակությունը.  «Եթե մարդը չի կարողանում իր կենցաղային խնդիրները լուծել, ուրիշ բաների մասին չի մտածում, չի գնա գաղափարական հարցերի հետևից։ Եթե իր երեխան սոված է, ինքը մտածում է երեխայի ձեռքը բռնի ու հեռանա»:

Խաղաղության մասին հայտարարությունները, ըստ նրա, ևս պատրանք են: «Պարտության սիմվոլներով ուզում են ավարտել էս երկրի կենսագրությունը: Իրար հավատալով կարող ենք հաղթել, մի լավ գործ անել»,-ասաց Մանուկյանը՝ բնակիչներին:

Մանուկյանի հաջորդ կանգառները Շահումյան, ապա Մոնթեավան և Հայթաղ բնակավայրերում էին: Այստեղ նա ևս ծանոթացավ բնակիչների խնդիրներին՝ քարուքանդ գյուղամիջյան ճանապարհներ, վթարային շենք, կիսախարխուլ Մշակույթի պալատ, գյուղատնտեսական խնդիրներ․․․

Խաչիկ Մանուկյանը նշեց, որ իրենք լավ գիտեն տեղացիների խնդիրները և դրանք լուծելու իրական ուղիները։