Անհետ կորած երեքամյա Տիգրանն ընտանիքի ամենակրտսեր երեխան է։ Ընտանիքը հինգ երեխա ունի։ «Մեդիահաբ»-ի հետ զրույցում նման տեղեկություններ է հայտնել ընտանիքի փեսան։
Ծափաթաղցի փոքրիկը բակում հինգամյա եղբոր հետ խաղալիս է եղել, երբ ժամը 17։30-ին մոտ նկատել են, որ Տիգրանը չկա։ Ավագ եղբայրը խոսել չի կարողանում, ձեռքով ցույց տված ուղղություններով փրկարարները գնացել են, սակայն որևէ հետք չեն հայտնաբերել։
«Առավոտը երեխեն գնացել է մանկապարտեզ։ Եկել եմ, տանն է եղել երեխան։ Ես խոսացել եմ երեխու հետ, ես այդ երեխուն շատ եմ սիրում»,-պատմել է տղամարդը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին իրավապահները խնդրում են անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։









