Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը եւ ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն աշխատանքային այցով Շիրակի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում էին։
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։
Շիրակի մարզում Ղալամքարյանը եւ Նալբանդյանը եղել են Ախուրյանի ջրամբարում, որտեղ ջրամբարի շահագործման հայ-թուրքական մշտական հանձնաժողովի ՀՀ պատասխանատուների ուղեկցությամբ շրջել են ջրամբարի տարածքով, քննարկել ընթացիկ խնդիրները եւ առկա ֆինանսավորման պայմաններում դրանց լուծման հնարավորությունները։
Ախուրյան գետի ափամերձ շրջանում պաշտոնյաները դիտարկել են գետի հունը, ներկայում չօգտագործվող ջրանցքը եւ ափամերձ գոտու որոշակի հատվածներ։ Մասնագետների կողմից առաջարկվել է ուսումնասիրել ոռոգման ջուրը նշված տարածքներից Հանրապետության այլ շրջաններ տեղափոխելու, ինչպես նաեւ սահմանամերձ գոտու հայաստանյան հատվածում ենթակառուցվածքների եւ սարքավորումների արդիականացման տարբերակներ։
Այնուհետև աշխատանքային այցը շարունակվել է Արագածոտնի մարզում, որտեղ Ղալամքարյանը եւ Նալբանդյանը հանդիպել են Թալինի ջրօգտագործողների ընկերության տնօրեն Անդրանիկ Սափեյանի եւ այլ պատասխանատուների հետ։ Քննարկվել են ջրային համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման եւ հավաքագրումների ավելացման, ոռոգման ցանցերի արդիականացման և կորուստների նվազեցման հնարավոր ուղիները։
Արմավիրի մարզում Կոմիտեի ղեկավար կազմն այցելել է նաեւ Արմավիրի մայր ջրանցքի գլխամաս (Սարդարապատի հիդրոհանգույց), Արաքս գետի ափամերձ շրջան, ինչպես նաև Շենիկ ՋՕԸ-ի Ղարաղալա-2 պոմպակայան։ Քննարկվել են ոռոգման ջրի գոյություն ունեցող ծավալների նպատակային հատկացումը ջրօգտագործողներին, վերահսկողական գործիքակազմի առավել արդյունավետ կիրառումը և մոնիթորինգի շարունակական իրականացումը, առանձնացվել են հրատապ լուծումներ պահանջող հարցերը, նախանշվել՝ դրանց հասցեագրման ժամկետները եւ պատասխանատուները։










