Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ


Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ
Հոկտեմբեր 27 20:40 2025

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Panorama.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ 41-ից  24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը: 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։