Մենք բանավոր հրավիրել ենք Ալիևին և Էրդողանին՝ մասնակցելու հաջորդ տարի Երևանում անցկացվող Եվրոպական գագաթաժողովին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ դեռ պաշտոնական փաստաթղթերով հրավեր չեն արել, սակայն բանավոր արդեն հրավիրել են։
Հարցին՝ ինչպե՞ս դա կընկալվի հասարակության կողմից՝ նախարարը պատասխանեց. «Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն, մեր սերունդը մեծացել, կայացել է մի նարատիվի պայմաններում, որտեղ այդ մարդիկ ընկալվել են թշնամիներ, այսինքն՝ ընկալվելը որն է, իրական թշնամություն է եղել։ Խաղաղություն չի հաստատվում բարեկամների միջև, խաղաղություն հաստատվում է թշնամանք ունեցող հասարակությունների միջև։ Մենք այստեղ բացառություն չենք, աշխարհի շատ պետություններ, ժողովուրդներ այդ ճանապարհով անցել են։ Մենք արդեն իսկ նշանակալի քայլեր արել ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, շատ հարցեր կան լուծելու, և հիմնականում հոգեբանական, փոխվստահության ամրապնդման առումով։ Հիմա պետք է այդ ուղղությամբ քայլեր անենք»։
Միրզոյանը զարմացած է՝ ինչո՞ւ ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա. «Այն ժամանակ էլ էին դժվար պատկերացնում։ Այսօր չեք պատկերացնում, բայց համաձայնեք, որ 1-1,5 ամիս հետո լրիվ այլ իրավիճակ կարող է լինել»։










