Ադրբեջանը կարծում է, որ պետք է փոխենք մեր Սահմանադրությունը, իսկ մենք դրա հետ համաձայն չենք. այս հարցում փոխըմբռնում չկա. Միրզոյան


Ադրբեջանը կարծում է, որ պետք է փոխենք մեր Սահմանադրությունը, իսկ մենք դրա հետ համաձայն չենք. այս հարցում փոխըմբռնում չկա. Միրզոյան
Հոկտեմբեր 27 17:10 2025

Այս պահին աշխատում ենք ամերիկյան կազմակերպությունների հետ՝ «Թրամփի ուղու» շուրջ, քանի որ հայ-ամերիկյան պայմանագիր պետք է լինի, ընկերություն պետք է հիմնվի, որն այդ կառուցապատումը պետք է իրականացնի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց՝ երբ պատրաստ կլինեն իրավապայմանագրային կոմպոնենտները, կսկսեն շինարարությունը. «Սրանք պրոցեսներ են, որոնք զուգահեռ են ընթանում և մեկը մյուսից առաջ ընկնելու խնդիր չունի»։

Հարցին՝ վերջնական ստորագրման համար ո՞ւմ կողմից են խոչընդոտները լինում՝ Միրզոյանը պատասխանեց. «Մեծ հաշվով, այստեղ գաղտնիք չկա և նոր բան ասել չենք կարող։ Իրենք որոշակի պայման ունեն, որի դեպքում տեսնում են այդ ստորագրումը, մենք չենք կիսում այդ մոտեցումը։ Ասում ենք՝ խաղաղությունը հաստատված է, փոխադարձ համագործակցության մթնոլորտ կա, հազար հարցի շուրջ կարողանում ենք համաձայնվել, այս ամենով հանդերձ՝ հարցեր կան, որոնց շուրջ չենք կարողանում համաձայնության գալ, որոնցից մեկն էլ Սահմանադրությունն է։ Նրանք կարծում են, որ պետք է Սահմանադրությունը փոխենք, նոր համաձայնության գանք, մենք էլ կարծում ենք, որ մեր Սահմանադրության մեջ խնդիր չկա։ Ավելին՝ կարծում ենք, որ մենք էլ ավելի շատ հավակնություն ունենք իրենց Սահմանադրությունը փոխելու մասով։ Այ հենց այստեղ չունենք փոխըմբռնում, որևէ այլ պայման կամ նախապայման չկա»։