Իրավապահները պատրաստվում են ուժ կիրառել գյումրեցիների նկատմամբ․ աղբյուր


Իրավապահները պատրաստվում են ուժ կիրառել գյումրեցիների նկատմամբ․ աղբյուր
Հոկտեմբեր 20 14:11 2025

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ այս պահին Գյումրու կենտրոնական հրապարակում իրավիճակը բավականին լարված է։ Բազմաթիվ գյումրեցիներ են հավաքվել քաղաքապետարանի շենքի դիմաց ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։ Զուգահեռ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ամբողջ քաղաքում, այդ թվում և համայնքապետարանի հարակից հատվածներում։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ քաղաքապետարանում ընթացող քննչական գործողությունները չնայած ավարտվել են, առգրավվել են համայնքապետարանի համակարգիչները, մի շարք հեռախոսներ, սակայն նրանց չի հաջողվում հավաքված քաղաքացիների պարագայում դուրս բերել Վարդան Ղուկասյանին։ Վերջինիս համակիրները փակ են պահում ոչ միայն քաղաքապետարանի բոլոր մուտքերը, այլև՝ ներսում թույլ չեն տալիս Ղուկասյանին դուրս բերել։ Ստացված տեղեկությունների համաձայն իրավապահները ստացել են հրահանգ թեկուզ ուժի կիրառմամբ հեռացնել հավաքվածներին և Ղուկասյանին տեղափոխել Երևան՝ Քննչական կոմիտե։ Նրան ձերբակալելու, ապա կալանավորելու որոշում կա։

Նշենք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: Այս մասին տեղեկացրել են Հակակոռուպցիոն Կոմիտեից։