«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալված է 24-ժամյա ռեժիմով՝ դատարան ներկայացնելու նպատակով, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց քննարկելու համար։ Ձձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 499-րդ հոդվածով, որը նախատեսում է դատավորի, դատախազի, քննիչի նկատմամբ արատավորող տեղեկություններ հայտնելը կամ այնպիսի տեղեկատվություն հայտնելը, որն էական վնաս կպատճառի նրանց իրավունքներին և օրինական շահերին»,- այս մասին ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ալեքսանյանը ևս հաստատեց, որ Կոչուբաևի ձերբակալումը և մեղադրանքը կապված է վերջին ֆեյսբուքյան գրառման հետ։
«Գրառման մեջ կային ձևակերպումներ,որոնք միգուցե որոշակի չափով կարող էին այլ անձանց մոտ տպավորություն ստեղծել որպես վիրավորական, բայց մենք շատ լավ գիտենք, որ վիրավորանքը որպես այդպիսին արդեն իսկ ապաքրեականացվել է։ Վիրավորանքի համար տվյալ պարագայում որևէ քրեական պատասխանատվության ինչ-որ չափանիշ նախատեսված չէ։ Տվյալ պարագայում նրա գրառման մեջ որևէ արատավորող տեղեկատվություն չկա, որովհետև արատավորող տեղեկատվությունը մենք հասկանում ենք այնպիսի տեղեկատվություն, որ օբյեկտիվ իրականություն գոյություն չունի, կեղծ է։Իսկ եթե դուք ուշադիր եք եղել, ապա գրառման մեջ որևէ տեղեկատվություն, որպես այդպիսին, չկա նախատեսված։ Ինչ վերաբերում է մյուս հատկանիշին՝ օրինական շահերին և իրավունքներին էական վնաս պատճառելը, մի փոքր դժվար եմ պատկերացնում, ինչպես Ալեքսանդր Կոչուբաևը առհասարակ այդ գրառմամբ նրանց օրինական շահերին և իրավունքներին վնաս պատճառել, բայց ներկա պահին ունենք այս մեղադրանքը»,- ասաց Ալեքսանյանը։
Փաստաբանը նշեց, որ պայքարելու են։
«Մեղադրանքի վերաբերյալ նաև Կոչուբաևն է դիրքորոշում հայտնել՝ մեղքը չի ընդունում։ Ցուցմունք տալուց հրաժարվել է, վերահաստատել է, որ դա իր գրառումն է»,- հավելեց նա։