Ինչու Իրանում հարգանքով են մոտենում եկեղեցիներին, իսկ Թուրքիայում դրանք ոչնչացնում են, կամ մզկիթի վերածում. Դանիելյան


Ինչու Իրանում հարգանքով են մոտենում եկեղեցիներին, իսկ Թուրքիայում դրանք ոչնչացնում են, կամ մզկիթի վերածում. Դանիելյան
Հոկտեմբեր 16 16:47 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.

«Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթի և եկեղեցիների հանդեպ, իսկ Թուրքիայում եկեղեցիները կա՛մ ոչնչացնում են, կա՛մ՝ մզկիթի վերածում:  Պատճառները կարևոր են, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական առումով:

Իրան

Մեծ նշանակություն ունի Իրանի հարուստ մշակութային, քաղաքակրթական ու կրոնական ժառանգությունը: Իրանը չունի ոչ լիարժեքության կոմպլեքս իր անցյալի հանդեպ: Իրանական քաղաքակրթությունն Իսլամով չի սկսվել ու Իսլամով չի վերջանում: Հարուստ մշակույթ ունեցող ժողովրդները հարգանքով են վերաբերվում նաև մյուս մշակույթների հանդեպ, հատկապես այն ժողովուրդների ու մշակույթների, որոնք իրենց տարածքում են ստեղծագործել, համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի մասն է:

Իրանում ոչ միայն հարգանքով են վերաբերվում պատմամշակութային նման ժառանգությանը, այլև պետական հոգածություն են ցուցաբերում:

Թուրքիա

Թուրքերն ունեն անլիարժեքության բարդույթ իրենց անցյալի հանդեպ ու պատճառը պարզ է: Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում եղած մշակույթներ ու քաղաքակրթություն ստեղծած մյուս ժողովուրդների ժառանգությունը:

Թուրքը կրոնափոխների խառնարան է և այդ ժողովուրդների ժառանգությունն իրենց հիշեցնում է իրենց ինքնության բարդույթները: Այսօրվա թուրքերը թուրք են դարձել միմիայն Իսլամի շնորհիվ ու Իսլամի միջոցով: Հանում ես Իսլամը, տակը ոչինչ չի մնում՝ դատարկություն: Մյուս մշակույթները «պահարում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան, թաքնված, որ չհիշեցնեն թուրքերի անցյալի մասին:

Դրա համար Թուրքիայում ատում են այդ ժողովուրդների ժառանգությունը, եկեղեցիները վերածում են մզկիթների, որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարված հաղթանակի խորհրդանիշներ:

Աթաթուրքը փորձեց թուրքերին վերածել քաղացիական ազգի, բայց դա բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ էր առաջացնում, որոնց պատասխանների որոնումը քայքայում էր թուրքերի ինքնությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զգալի մասը թանգարանների էին վերածվել, նորից մզկիթներ են դարձնում:

Այսօրվա Հայաստանը, ինչպես էլ այն չկոչեք, թեկուզ՝ «Իրական», իրենց հիշեցնելու է իրենց բարդութավորված անցյալը և իրենք, ինչ էլ մենք չանենք, շարունակելու են մեզ ատել: Ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ»: