«Սկսենք նրանից, որ իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակում չկա։ Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն և եկեղեցին նույնական են, կամ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են»,-հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Եկեղեցու հոգևորականների դեմ վերջին գործողությունները Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հակաեկեղեցական հայտարարությանն են հետևել։
Փաշինյանը վստահեցրեց, որ եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ Կաթողիկոսը հրաժարական է տվել, նաև վստահեցրեց, որ եղել է դեպք, երբ եպիսկոպոսը քրեկան հոդվածով դատապարտվել է և տարիներ անցկացրել բանտում։
«Ոչ, նման բան հնարավոր չէ, անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին։ Գուցե իմ շատ մեծ թերությունն է, բայց ես չեմ հետևում, նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի արած հայտարարություններին։ Եթե ուզում էք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության հետ, ասենք այսօրվա իմ բրիֆինգը կարող համընկնել տասնյակ իրադարձությունների հետ»,-ասաց Փաշինյանը և թվարկեց այդ իրադարձությունների վայրերը՝ հիշատակելով Ադրեբջանից մինչև Անտարկտիդան։
«Հիմա եթե հետազոտություն անենք, մեծ հավանականությամբ ձեր հարցը կհամընկնի Ադրբեջանի հոգեևոր առաջնորդի, կամ որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ, Ադրբեջանի որևէ պատգամավորի, կառավարության որևէ ներկայացուցչի որևէ գործողության հետ։ Կարող է պարզվի նամազի ժամն էր և էն պահին, երբ հարցը տվեցիք, աշխարհի հազարավոր մզկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ։ Կարող է հնչել հարց՝ արդյո՞ք ձեր հարցը պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ»,-իրեն հարց ուղղած լրագրողուհուն պատասխան հարցով պատասխանեց Փաշինյանը։