Տեր Արամը հարցաքննվել է


Տեր Արամը հարցաքննվել է
Հոկտեմբեր 16 12:48 2025

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Մեր ունեցած տեղեկություններով հարցաքննության ժամանակ Արամ Ասատրյանը պնդել է իր կողմից արված հայտարարությունները, տվել նաև անուններ, որ իբր իրեն պարտադրել են մասնակցել հանրահավաքներին: 

Նշենք, որ Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային ՀԸ եթերում արված հայտարարությունից և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանի՝ դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա կալանավարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Սրբազանին մեղսագրվում են ՔՕ 210- ի 5 մասով նախատեսված արարքը՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանք 2 ամիս ժամկետով: Տնային կալանք կամ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել է:

Թեմի առաջնորդից բացի, ձերբակալված են նաև տեր Գարեգինը և գլխավոր հաշվապահը, ում մեղադրում են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույք հափշտակելու մեջ:

Երեկ իրավապահները գործողություններ էին իրականացրել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում, թեմի առաջնորդը և ևս երկու անձ ձերբակալվել էին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այս գործողությունները որակել է ապօրինի քրեական հետապնդում, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են:

Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ Մկրտիչ եպիսկոպոսի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Մեզ չհաջողվեց զրուցել Տեր Արամի հետ, նա մեր զանգերը թողեց անպատասխան: