Եթե 1930-ականներին գնդակահարում էին մարմինը, ապա այսօր փորձում են գնդակահարել հոգին


Եթե 1930-ականներին գնդակահարում էին մարմինը, ապա այսօր փորձում են գնդակահարել հոգին
Հոկտեմբեր 15 17:53 2025

2025 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները, որոնք ուղղված էին Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի հոգևոր դասի որոշ քահանաների ձերբակալությանը, խորապես մտահոգիչ են թե՛ իրավական, թե՛ հասարակական, և հատկապես հոգևոր տեսանկյունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

«Այս ձերբակալությունները, որոնք ուղեկցվել են խուզարկություններով ու ցուցադրական քննություններով, ոչ միայն հարված են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն, այլև բացահայտում են քաղաքական իշխանությունների մտադրությունը՝ պետական ուժային համակարգը վերածելու սեփական կամքը կատարելու գործիքի։

Նման երևույթները, ցավոք, մեր պատմության մեջ նոր չեն։ 1930–1938 թվականներին բոլշևիկյան իշխանությունների կողմից Սովետական Հայաստանում բռնադատվել է 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք՝ բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Շատ քահանաներ դատապարտվել են առանց արդար դատավարության՝ միայն այն պատճառով, որ գաղափարապես «խոչընդոտ» էին համարվում բոլշևիկյան անաստված գաղափարախոսությանը։

Այսօր, գրեթե մեկ դար անց, մենք ականատես ենք նույն երևույթի վերածնունդին․ ձևերը փոխվել են, բայց էությունը մնացել է նույնը։ Եթե 1930-ականներին եկեղեցին ներկայացնում էր հավատքի և ազգային ինքնության վերջին ամրոցը բոլշևիկյան գաղափարախոսության դեմ, ապա այսօր այն կրկին հայտնվել է քաղաքական հաշվեհարդարի թիրախում։ Ներկայիս «քննությունները» և «դատավարությունները» իրենց բնույթով հաճախ հիշեցնում են ստալինյան շրջանի կեղծ գործերը՝ կարճատև, ցուցադրական և իրավական հիմնավորումներից զուրկ։ Թվում է, թե որոշ պաշտոնյաներ ոչ թե իրավական համակարգի ներկայացուցիչներ են, այլ դերասաններ՝ թատերական ներկայացման մեջ, իրենց վրա վերցրած «արդարադատության» դերակատարությամբ։

Այսօր իրականացվող գործընթացները, ինչպես և 1930-ականներին, ունեն նույն գաղափարական հիմքը՝ վերահսկել հասարակությունը՝ խեղդելով ազատ խոսքը, եկեղեցու ձայնը և այլախոհության ցանկացած ձև։ Եթե Ստալինի ժամանակներում հալածվում էին հոգևորականները, որպեսզի խարխլվի հավատքի և ազգային ինքնության հիմքը, ապա այսօր՝ ժողովրդավարության անվան տակ, կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք իրենց էությամբ նույն բռնաճնշումներն են, պարզապես ձևափոխված։

Այս համատեքստում արդիական է հետևյալ եզրակացությունը․ մենք գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իրական բոլշևիզմի վերադարձի հետ։ Նույն մտածողությունն է իրականացվում իրավապահ մարմինների միջոցով՝ դատական համակարգը վերածելով ոչ թե արդարության, այլ հրամանատարության ենթակա կառույցի։ Պետական իրավապահ մարմինները, որոնք կոչված են պաշտպանելու օրենքն ու սահմանադրական կարգը, վերածվել են իշխանության կամակատարների՝ գործող քաղաքական պատվերներով։

Ստալինյան բռնապետության օրոք մարդկանց ոչնչացնում էին վախի միջոցով։ Այսօր նրանց փորձում են լռեցնել դատական գործերով, վարկաբեկմամբ և հասարակական պիտակավորումներով։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ ճշմարտությունը հնարավոր է ժամանակավորապես լռեցնել, բայց ոչ վերացնել։ Ինչպես ուսումնասիրվեցին 1930-ականների ստալինյան արխիվային գործերը և դատապարտվեցին այն տարիների չարագործությունները, այնպես էլ մի օր ուսումնասիրվելու են այսօրվա գործերը, և տրվելու են իրավական ու բարոյական գնահատականներ մեր ժամանակների անօրինականություններին։

Բռնապետական մտածողությունը ծնում է անօրինականությունների շարունակական շղթա, որի օղակներից մեկն այսօր դարձել է հենց իրավապահ համակարգը։ Պետական ապարատը՝ իշխանության ճնշման ներքո, կրկին կատարում է այն դերը, որը խորհրդային տարիներին խաղում էին ՆԿՎԴ-ն, ՆԳԺԿ-ն և կուսակցական վերահսկիչ մարմինները՝ ծառայելով ոչ թե արդարությանը, այլ վերադասի քաղաքական կամքին։

Այս իրադարձությունները խորքային վտանգ են ներկայացնում ոչ միայն եկեղեցու, այլև ողջ պետության համար։ Երբ իշխանությունը սկսում է հալածել հոգևորականին, նա փաստացի հալածում է սեփական ժողովրդի հավատը, բարոյական ուղեցույցը և ինքնության հիմքը։ Հենց այդ պատճառով այսօրվա բռնաճնշումները պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին միջադեպեր, այլ որպես ազգային ինքնության դեմ ուղղված համակարգային հարձակման մաս։

Պատմությունը ցույց է տալիս՝ ցանկացած բռնապետություն, որքան էլ ուժեղ թվա, անկում է ապրում այն պահին, երբ փորձում է կոտրել հոգևոր ազատությունը։ Ստալինյան դիկտատուրան, հիմնված լինելով վախի, կեղծիքի և զանգվածային բռնությունների վրա, ի վերջո փլուզվեց՝ թողնելով անխոս վկաներ՝ դատական գործեր, ցուցմունքներ և արխիվային փաստաթղթեր։ Նույնը սպասում է նաև այն ժամանակակից համակարգերին, որոնք փորձում են ճնշել եկեղեցին՝ չհասկանալով, որ հավատքը չի կարող կալանավորվել։

Այսօր, երբ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մյուս հոգևորականների նկատմամբ իրականացվում են իրավական անվան տակ թաքնված քաղաքական գործողություններ, հասարակությունը պարտավոր է հիշել՝ բռնությունը երբեք չի սահմանափակվում մեկ անձով կամ կառույցով։ Այն միշտ վերածվում է ամբողջ ժողովրդի դեմ ուղղված հարվածի։

Պետք է փաստագրել այս ամենը՝ խուզարկությունները, ձերբակալությունները, դատական նիստերը, որովհետև պատմության դատարանը անպայման իր խոսքը ասելու է։ Եվ ինչպես ուսումնասիրվեցին ստալինյան արխիվները՝ բացահայտելով դիկտատուրայի անօրինականությունները, այնպես էլ ուսումնասիրվելու են մեր օրերի գործերը՝ ապացուցելով, որ ճշմարտությունը չի մահանում։

Եթե 1930-ականներին գնդակահարում էին մարմինը, ապա այսօր փորձում են գնդակահարել հոգին։ Բայց ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր՝ եկեղեցին իր հավատքով, համբերությամբ և ճշմարտությամբ դարձյալ կլինի այն ուժը, որը կհաղթի բռնապետությանը»։