Բաքվում պահվող հայերի վերաբերյալ ՄԱԿ խոշտանգումների կոմիտեի մտահոգությունները շարունակում են արդիական մնալ. ՀՀ ներկայացուցչություն


Բաքվում պահվող հայերի վերաբերյալ ՄԱԿ խոշտանգումների կոմիտեի մտահոգությունները շարունակում են արդիական մնալ. ՀՀ ներկայացուցչություն
Հոկտեմբեր 15 11:36 2025

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների շարունակական կալանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ այդ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ։ 

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով  ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաև  Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության մանրամասները։  

«ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաև Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր և բացարձակ վերացման ուղղությամբ։  

«Խիստ մտահոգություն հայտնվեց, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ 

Անդրադարձ կատարվեց ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: