Սեպտեմբերի 27-ին ՔՊ-ի՝ Եռաբլուր չայցելելը քաղաքական օրակարգ մի՛ դարձրեք, բազմաթիվ անգամներ գնում ենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու իշխանության որևէ ներկայացուցիչ սեպտեմբերի 27-ին չայցելեց Եռաբլուր:
«Եռաբլուրում և պատերազմի հետ առնչվող մեր մյուս սրբավայրերում մենք լինում ենք շատ հաճախ, այդ թվում՝ առանց կոնկրետ օրերի ու առանց տեսախցիկների։ Չեմ ուզում, որ այս հարցը դառնա քաղաքական օրակարգ»,– ընդգծեց պատգամավորը։
Հակոբյանի խոսքով՝ նման այցերը մշտական են և երբեմն չեն լուսաբանվում: «Այցեր լինում են պարբերաբար, ուղղակի դրանց մասին միշտ չէ, որ հաղորդվում է։ Դա մեր հիշատակի և հարգանքի պարտքն է, ոչ թե հրապարակային արարողություն»,- նշեց նա։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք եղել է ներքին հրահանգ՝ սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չգնալու վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ նման բան երբեք չի քննարկվել։ «Մեր խմբակցությունում ամեն ինչ որոշվում է քննարկումների միջոցով, հրահանգներ կամ արգելքներ չեն լինում»,– ասաց նա։
Հակոբյանը նաև հավելեց, որ կառավարական և խմբակային այցերի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ պաշտոնական մամուլի ծառայություններից, իսկ առաջիկայում «բոլորը ևս կտեսնեն, որ սեպտեմբերի 27-ի շուրջ ստեղծված օրակարգը կեղծ է»։