Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտի ամենագլխավոր մասում, մեր Ազգային ժողովի ամբիոնում։ Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Մեր երկիրը մեկ-երկու տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր: Առաջինը՝ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր»-ն է: «Խաղաղության պայմանագիր»-ն առանցքային է մեր երկրի զարգացման համար և մեր մարդկանց, մեր հայրենակիցներին Բաքվի բանտերից հետ բերելու համար:
«Խաղաղության պայմանագիր»-ը մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկն է: Հայ քաղաքական միտքը պետք է կարողանա լուծել այդ հարցը՝ զուգահեռ մեկ կարևոր հարց լուծելով, որ «Խաղաղության պայմանագրի» շրջանակում թույլ չտրվի Ադրբեջանին ստանալ այնպիսի հնարավորություն, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում»,-նշել է նա:
Նարեկ Կարապետյանն ասել է՝ շատերը հարցնում էին՝ ո՞րն է վտանգը, որն իրենք տեսնում են:
«Այդ վտանգը, ես ուզում եմ ներկայացնել այսպես, մեզ կպատասխանեն ադրբեջանցիները։
Ընտրություններից հետո Ադրբեջանում գիրք գրող Կրթության, գիտության նախարարը, որ իրենց երեխաների համար ապահովում է գրքեր, հայտարարել է՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը «Արևմտյան Ադրբեջան» հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում»,-մեջբերել է նա։










