«Այս գործում կան մի շարք հարցեր, որոնց վարույթ իրականացնող մարմինը չի տվել պատասխաններ»,- Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստից հետո լրագրողներին ասաց տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Դատական նիստերի ընթացքում շարունակվում են վկանների հարցաքննությունը։
«Այսօր երկորդ վկան բավականին ուշադրավ տեղեկություններ հայտնեց դատարանին։ Մասնավորապես, ըստ վկայի, իրենք զոհված զինծառայողներից մեկի կամ մի քանիսի հագին նկատել են ձմեռային բաճկոններ։
Եթե մենք հավատալու լինենք վարույթ իրականացնող մարմնի կողմից առաջ քաշված վարկածին, ապա տղաները երեկոյան 21։00-ին անվանականչից հետո քնել են, և դեպքը տեղի է ունեցել գիշերը 12։00-ից հետո։
Եթե մի պահ ընդունենք, որ այդպես է եղել, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե ձմեռային բաճկոն հագած ու զոհված զինծառայողն ինչպես կարող էր այդ իրավիճակում լիներ, ենթադրում եմ, որ զինծառայողները պետք է բնական պայմաններում՝ հանված ու քնած լինեին»,- ասաց Ն. Նորիկյանը։
Նա նշեց, որ մեկ այլ հանգամանքի վրա էլ է ուշադրություն դարձրել. «Զոհված զինծառայողներից մեկը հայտնաբերվել է վառարանի սենյակում, վառարանի մոտ, իսկ դա նշանակում է, որ կամ այդ զինծառայողը չի գտնվել հիմնական կացարանում մնացած 14 զինծառայողի հետ, կամ գտնվել է նրանց հետո, կարողացել է ինչ-որ եղանակով դուրս գալ զինվորական կացարանից և հայտնվել վառարանի մոտ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարույթ իրականացնող մարմինը նախաքննության փուլում չի տվել։
Ուզում ենք հասկանալ, եթե վառարանի մոտ հայտնաբերված ու զոհված զինծառայողը, մի պահ ընդունենք, գտնվել է զինծառայողների հիմնական կացարանում, ինչպե՞ս է հաջողվել դուրս գալ այդ կացարանից, հայտնվել վառարանի սենյակում, եթե այնտեղ չի եղել, հարց է առաջանում՝ վառարանի սենյակում ինչպես կարող էր անձը թունավորվել և զոհվել, եթե կարող էր հանգիստ դուրս գալ մուտքի դռնից, փրկվել։ Հարցեր ենք, որոնց պատասխանները վարույթ իրականացնող մարմինը չի տվել»,- ասաց Ն. Նորիկյանը։
Նա պնդեց, որ զոհվածների դիերը դուրս բերելու գործընթացն իրականացվել է գործող իրավակարգավորումների խստիվ խախտմամբ, քանի որ իրավունք չունեին զոհվածների դիերը հանեին այնքան ժամանակ, քանի դեռ քննչական համապատասխան ստորաբաժանումը չէր իրականացրել դեպքի վայրի զննություն ու չէր կազմել արձանագրություն։
«Միայն այդ հանգամանքը ենթադրում է, որ կարող է ոչնչացված, վերացված լինել այնպիսի հետքեր, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ այս գործի համար»,- ասաց Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: