Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը. սեպտեմբերի վերջին այց է նախատեսված ՌԴ. Փաշինյան


Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը. սեպտեմբերի վերջին այց է նախատեսված ՌԴ. Փաշինյան
Օգոստոս 28 12:55 2025

Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե ուրախ կլինեն Փաշինյանին տեսնել Ռուսաստանում:

 

«Ինչպես տեսնում եք բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա: Սեպտեմբերի վերջին էլ, այո՛, նախատեսվում է նման այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ, այս ամիս հեռախոսազրույց ենք ունեցել»,- հայտարարեց նա:

 

Փաշինյանը նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալուն:

 

«Գիտեք՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու օրենքի ընդունումից հետո, ես հայտարարել եմ, որ Եվրամիության և ԵԱՏՄ անդամակցումը միաժամանակ հնարավոր չէ: Երբ գա այդ կետը, որ ընտրությունը վերջնական լինի ու անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում:

 

Եթե մենք սա հայտարարում ենք պաշտոնական մակարդակում, ուրեմն հնարավոր է դուրս գալը: Հնարավոր է ցանկացած սցենար, դա կապված է այդ թվում մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, մեր ընթացիկ իրավիճակների հետ և բանակցային գործընթացների հետ և իրադրության ու հնարավորությունների և այլընտրանքների վերլուծության մեր արդյունքների և հեռանկարների հետ»,- ընդգծեց վարչապետը: