Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նիստին, պաշտպան Գրիգոր Մեղդեսյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել վարույթը։
Նա նշեց, որ պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ սկսված հանրային քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քրեական գործով վարույթը ենթակա է մերժման այն հիմքով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հայտնեց, որ դատարանը մերժում է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը։
Ռուբեն Հակոբյանը մեղադրվում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը։