«Հուսով եմ, կհանդիպենք մի օր ու էլ չենք բաժանվի». Հայկոն այսօր կդառնար 52 տարեկան


«Հուսով եմ, կհանդիպենք մի օր ու էլ չենք բաժանվի». Հայկոն այսօր կդառնար 52 տարեկան
Օգոստոս 25 12:00 2025

Այսօր երգիչ, երգահան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն կդառնար 52 տարեկան: 

Հայկոյին շնորհավորել են նրա մայրն ու ընկերները և նրա հետ համատեղ լուսանկարներ հրապարակել:

«Հայկոս, լուսավոր ծնունդդ շնորհավոր, մեզ սեր, կարոտ ու սեր-երգեր թողած, սիրո ճամփա բռնած Հայկոս…

առանց քեզ լավ չի, կարոտում եմ»,- գրել է երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ևս հրապարակում է արել իր ինստագրամյան էջում՝ հիշելով տարիներ առաջ Հայկոյի հեղինակած «Սիրուց հետո» երգի պատմությունը:

«Սիրուց հետո… դժվար է հաստատ։
Առաջին անգամ էս երգը լսեցի ու հազար պատկեր աչքերիս առաջ եկան։ Միանգամից Հայկոյին ու հետո Ավետին ասացի, որ սա ֆիլմի վերնագիր է… հաստատ։

Ավետը իմ 55-ամյակին նվիրեց այս երգի խոսքերի առաջին սևագիրը։ Սեր, երևի, միշտ կա… նույնիսկ սիրուց հետո։ Չգիտեմ»,- գրել է Հրաչ Քեշիշյանը:

Նազենի Հովհաննիսյանն իր իսնտագրամյան էջի սթորի բաժնում գրել է.

«Հայկը միշտ կա ամենավերին երկինքներում ու իր երաժշտության մեջ: Այսօր իմ Հայկի ծննդյան օրն է»:

Հայկոյին ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նաև նրա մայրիկը՝ տիկին Սուսաննան:

«Էն դատարկությունը, որ մնաց քեզնից հետո, միևնույն է, չի լցվելու, անհուն կարոտը հալածում է…

Շնորհավոր երկնային ծնունդդ, տղես, հուսով եմ, կհանդիպենք մի օր ու էլ չենք բաժանվի։ Հիշիր, ես քեզ սիրում եմ, տղես…»,- գրել է Սուսաննա Նիկողոսյանը: 

Օգոստոսի 31-ին՝ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով համերգը՝ բաց երկնքի տակ՝ նվիրված կոմպոզիտոր Հայկո Հակոբյանին։