Փաշինյանը բացեիբաց խոստովանեց՝ Արցախի հանձնումն ի սկզբանե եղել է իր պլանը


Փաշինյանը բացեիբաց խոստովանեց՝ Արցախի հանձնումն ի սկզբանե եղել է իր պլանը
Օգոստոս 23 23:49 2025

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«Այսօր՝ օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան առանց չափազանցության սենսացիոն և պատմական կարևորության հայտարարություն է արել:

Նա բառացիորեն ասել է հետևյալը.

«Այսօր ուզում եմ պատասխանել նաև մի հարցի, որը թերևս ամենակարևորն է վերջին 7 տարվա պատմությունը հասկանալու համար։

Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։

Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, ...որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ»:

Եվ այսպես` առաջին անգամ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց խոստովանություն է անում, որ գիտակցաբար զոհաբերել է Արցախը հանուն Հայաստանի անկախության:

Նա վերջապես ընդունել է, որ 2020 թվականին կարելի էր գնալ զիջումների և խուսափել պատերազմից (մի անգամ վախեցած վիճակում դա ասել էր նաև 2020-ի նոյեմբերի 10-ին բունկերից, բայց հետագայում հերքում էր):

Հիշեցնեմ, որ խոսքը Մինսկի խմբի պլանի մասին է, ըստ որի հայկական կողմը վերադարձնում էր Լեռնային Ղարաբաղից դուրս հինգ շրջանները, իսկ Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասը և Քելբաջարը մնում էին հայկական վերահսկողության տակ, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը, արդեն խաղաղության պայմաններում, չեն եկել փոխընդունելի որոշման Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ:

Ստացվում է, որ Փաշինյանը հրաժարվել էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջարկած խաղաղության պլանից, որով, առանց Զանգեզուրյան որևէ միջանցք տալու, մենք սերունդներ շարունակ կպահեինք ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Լաչինն ու Քելբաջարը հայկական վերահսկողության տակ:

Հրաժարվել էր, որովհետև այդ պլանի ապահովումը ռուս խաղաղապահների կողմից համարել էր մեր անկախությանը սպառնալիք:

Սա պատմական հայտարարություն է, իրականում` իսկական ռումբ մեր ամբողջ ներքաղաքական բանավեճում:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ կատարելով Արցախի զոհաբերությունը, Փաշինյանը ոչ թե պահպանեց Հայաստանի անկախությունը, այլ Հայաստանը` տարածքային կորուստներով հանդերձ, աստիճանաբար դարձնում է Ադրբեջանի վասալային պետություն:

Այստեղ ավելի կարևոր է այն, որ Փաշինյանը վերջապես աներկբա ընդունեց, որ Արցախի զոհաբերումը, արցախահայերի ցեղասպան էթնիկ զտումը, մեր զոհված և վիրավորված զինվորների կորուստները, մեր ջախջախված արժանապատվությունը, բոլորը` հետևանք են նրա ԳԻՏԱԿՑՎԱԾ և ՀԱՇՎԱՐԿՎԱԾ որոշման և ռազմավարության, որի շնորհիվ «հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի պայմաններում հնարավոր դարձավ իրական երկխոսությունը Թուրքիայի հետ»:

Ա՛յ սա արդեն ուրիշ խոսակցություն է, Նիկոլ, ա՛յ էս հայտարարության համար քեզ շատ շնորհակալ ենք, սա ընդմիշտ փոխեց մեր բանավեճը ապագայում:

Հիմա մի երկու բառ ասեմ նաև Փաշինյանի ստախոս լինելու մասին, որն, ի դեպ, ժողովրդի մեջ որպես «Դդում» հայտնի գործիչը կասկածի տակ էր դրել: Փաշինյանն այս հայտարարությամբ նաև իր ստախոսության նոր ապացույցներ տվեց.

- Առաջ ասում էր` կարգավորման պլան իրեն ուղարկված չի եղել, հիմա ասում է, եղել է` ես չեմ համաձայնվել:

- Առաջ ասում էր՝ կարգավորման պլանին համաձայնվեինք` կասեիք դավաճան, հիմա ասում է` չեմ համաձայնվել, որ անկախությունը պահեմ:

- Առաջ ասում էր` ռուսներն են հանձնել Արցախը Ադրբեջանին, հիմա պարզվում է, որ Արցախի հանձնումն ի սկզբանե եղել է Փաշինյանի պլանը, որպեսզի ազատվի ռուսներից և հաշտվի թուրքերի և ադրբեջանցիների հետ:

Եվ այս «անկախության փրկիչը» հիմա էլ ուզում է ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի թելադրանքով հանել տա Անկախության Հռչակագիրը:

Շնորհավոր Անկախության Հռչակագրի օրը»: