Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները


Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները
Օգոստոս 22 23:32 2025

 «Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և նրա ծնողների՝ Արշակ Մկրտչյանի և Նազիկ Զուռնաչյանի հայտարարագրերը։ Նարեկ Մկրտչյանն առաջիկայում կլքի նախարարի պաշտոնը և կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։  

Նա  ամուսնացած չէ և, ըստ հայտարարագրի, բնակվում է ծնողների հետ։ Որպես անշարժ գույք՝ Մկրտչյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերվել 1956 թվականի հունիսի 25-ին։ Նա նաև հայտարարագրել է 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։ 

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա  անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Արսալեդա» ՍՊԸ-ին հանձնել է  54 մլն 297 հազար դրամի փոխառություն։ Նշենք, որ առաջին անգամ չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս ընկերության կողմից կառուցվող շենքերում տուն են ձեռք բերում: Նրանցից են նաև ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, դատախազ Արսեն Արսենյանը: 

Նրա  բանկային հաշիվներին տարեվերջին  եղել է 3մլն 373 հազար և 2 մլն 820 հազար դրամ, միաժամանակ, որպես կանխիկ գումար հայտարարագրել է 2 մլն դրամ։

2024 թվականին Նարեկ Մկրտչյանի եկամուտները կազմել են 29 մլն 158 հազար դրամ, որից 21 մլն 522 հազար դրամը ստացել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 1 մլն 610 հազար դրամը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանից ստացած աշխատավարձն է, 1 մլն 464 հազար դրամը՝ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկից ստացած վարկն է և 4 մլն 560 հազար դրամը՝ ՊԵԿ-ից ստացած եկամտահարկի վերադարձը։

Մկրտչյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542 հազար դրամ։
Նա տարվա ընթացքում իր եկամուտներից 6 մլն 69 հազար դրամն  հատկացրել է վարկի մարմանը։

Հատկանշական է, որ պաշտոնյայի ծնողները որևէ եկամուտ չեն հայտարարագրել 2024 թ-ի համար, փոխարենը հայրը՝ Արշակ Մկրտչյանը, բացի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում համատեղ սեփականություն հանդիսացող առանձնատունը,  հայտարարագրել է նաև միանձնյա սեփականություն հանդիսացող հողամասը՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում, որն էլ գնել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2001 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան, որը գնել է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին։ 
Արշակ Մկրտչյանի բանկային հաշիվները 2024-ին դատարկ են եղել, սակայն նա խոշոր կանխիկ գումար է հայտարարագրել։
Տարեսկզբին նա հայտարարագրել է 800 հազար դրամ, 34 հազար դոլար և 5000 եվրո, տարեվերջին՝ 400 հազար դրամ, 19 հազար դոլար և 4000 եվրո։
Պաշտոնյայի մայրը՝ Նազիկ Զուռնաչյանը, Փարաքար համայնքում գտնվող սեփական տունը հայտարարագրելուց զատ՝ այլ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։

Ամուսնու նման նա նույնպես բանկային հաշիվ չունի, սակայն բավականին կլորիկ կանխիկ գումար է հայտարարագրել. տարեսկզբին՝ 12 մլն դրամ և 25 հազար դոլար, տարեվերջին՝ 11 մլն դրամ և 5000 դոլար։

Ընդ որում՝ ոչ մի եկամուտ չի հայտարարագրել, սակայն 2024 թվականին 20 հազար դոլար՝ շուրջ 7 մլն 726 հազար դրամ նվիրատվություն է ստացել՝ չհստակեցնելով, թե ումից։