Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին


Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Օգոստոս 22 11:00 2025

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ:

Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի:  Դեպքի մասին տեղեությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է:

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, ով մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն՝ մահացած: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: