«Այս գործի շրջանակում այնքան քրեադատավարական խախտումներ են տեղի ունեցել, որ նույնիսկ դասագիրք կարելի է գրել՝ սկսած նախաքննության ընթացքին գլխավոր դատախազի միջամտությունից,վերջացրած՝ ԱԻՆ-ի կողմից «դռելով» այդ դուռը ծակելուն։Այսինքն՝ խախտումների մի հսկայական փաթեթ, որը որևէ քրեաիրավական գնահատականի մեջ չի տեղավորվում, բայց, կոնկրե՛տ, ԱԻՆ-ի գալը և դռելով ծակելը, պարոն Սարգսյանը ճիշտ հարցադրում արեց, թե որտեղի՞ց եկան ԱԻՆ-ի աշխատողները, ի՞նչ ընթացակարգերի շրջանակներում։ Պարզվեց, որ այդ դուռը չի բացվում, հետևաբար անհրաժեշտություն կա ԱԻՆ-ի աշխատակիցների ներկայության և նրանց կողմից ուժի գործադրմամբ դուռը բացելը»,- այս մասին Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Փաստաբանը նշեց, որ նույնիսկ տեսաձայնագրողի անձն է անհասկանալի, թե ո՞վ է տեսաձայնագրում, ի՞նչ պաշտոն է զբաղեցնում, ո՞վ է այդ պաշտոնատար անձը, որ մասնակցում է խուզարկությանը։
«Առհասարակ չպարզաբանվեցին՝ այնտեղ մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,փոխարենը կտրուկ քննիչի կողմից հրահանգավորվեցին ուղղորդումներին հետևել, ի՞նչ ասեմ, էդպես էլ պետք է անենք։ Հետո տեսաք, որ որոնողական գործողությունների ժամանակ ամենակարևորը համակարգիչները, որոնք հայտնաբերվեցին և առգրավեցին, մի տեղից ինչ-որ համակարգիչներ են վերցվում, հետո հայտնվում են համակարգիչներ, որոնք անհասկանալի է՝ առհասարակ պատկանո՞ւմ են սրբազանին, իրեն պատկանող համակարգիչներն են, թե՞ ոչ։ Օբյեկտիվորեն հարց է չէ՞ առաջանում՝ ի՞նչ վերցվեց: Մենք էստեղ իրավիճակ ունենք, որ այդ խուզարկությամբ վերցվել է DVR, բայց հետո պարզվում է, որ դա ոչ էլ DVR ձայնագրիչ է,այլ անտենայի հետ կապված սարք էր, այսինքն։ Այսինքն՝ վարույթային գործողության կատարման խախտումների մասին անվերջ կարելի է խոսել։ Այս ծավալի խախտումներ, երևի, որևէ քրեական գործով ի դերև չեն եկել»,- նշեց Ֆարմանյանը։