Ռուբեն Հակոբյանին հրաժարվում են տեղափոխել ԲԿ՝ առաջարկելով քնաբեր օգտագործել և քնել


Ռուբեն Հակոբյանին հրաժարվում են տեղափոխել ԲԿ՝ առաջարկելով քնաբեր օգտագործել և քնել
Օգոստոս 19 15:18 2025

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց, թեև Հակոբյանը շարունակում է իրեն վատ զգալ։ Հոսպիտալացման փոխարեն առաջարկում են քնաբեր օգտագործել և քնել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Ռուբեն Հակոբյանի որդուց՝ Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանից։

 

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը վատացել էր։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա առողջական վիճակը և հետազոտությունների անհրաժեշտությունը, սակայն հետազոտություններ չեն իրականացրել՝ օրվա՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով։ Հակոբյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ՝ առանց հետազոտություն անցկացնելու, որտեղ նրա ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։

 

Ռուբեն Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ թեև ցուցում է եղել հոսպիտալացման՝ ՔԿՀ-ն հրաժարվել է տեղափոխել նրան։

 

«Շաբաթ օրը՝ երեկոյան շտապօգնությամբ տեղափոխել են Էրեբունի ԲԿ, որտեղ ասել են, որ սթրեսային խնդիր է՝ ճնշում, անքնություն, պետք է տեղափոխվի Սթրես կենտրոն՝ հետազոտության, կիրակի օրը պետք է մնար Էրեբունի ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության ներքո, սակայն ՔԿՀ-ից մերժել են՝ նշելով, որ պետք է տեղափոխեն ՔԿՀ, իսկ երկուշաբթի առավոտյան տեղափոխեն սթրես կենտրոն, ինչը չի իրականացվել։ Հայրս իրեն լավ չի զգում, ասել են՝ առողջական խնդիր չկա, ուղղակի անքնության խնդիր է, քնաբեր խմեք՝ քնեք»,- պատմում է Հակոբյանը՝ հավելելով, որ հայրը խնդիրներ ունի սրտի հետ կապված, ազատության մեջ գտնվելու ընթացքում էլ ժամանակ առ ժամանակ ինքնազգացողությունը վատանում էր, բայց ճնշման խնդիր չի ունեցել նախկինում։

 

Հակոբյանի խոսքով՝ փաստացի առողջական առկա խնդիրներն անտեսվում են»։