Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը դեռ մեկ ժամ կտևի. Պաշտպան


Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը դեռ մեկ ժամ կտևի. Պաշտպան
Օգոստոս 14 23:06 2025

Սամվել Կարապետյանի գործով ապօրինությունները շատ մեծ ծավալի են հասնում։ Հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

Դատարանից դուրս եկած փաստաբանն ասաց, նիստը դեռ կշարունակվի մոտ մեկ ժամ, հարց ու պատասխանի փուլն ավարտվել է։

«Մեղադրանքը հիմնավորող որևէ պատշաճ ապացույց գոյություն չունի այս գործի մեջ։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Հետևաբար այս պարագայում խոսել կալանքի կամ կալանքը երկարացնելու մասին ոչ իրավական է, ոչ էլ իրավաչափ»,-ասաց փաստաբանը։

Ըստ պաշտպանի, քննիչը միջնորդել է կալանքի ժամկետը երկարացնել, քանի որ Սամվել Կարապետյանը կարող է ազդել քննության վրա, կամ խուսափել քննությունից։

«Երկու ժամ և ավելի մենք հարցադրումներ ենք ուղղել քննիչին, դրանից հետո դատավորն է հարցեր ուղղել, ինչից հետո ընդմիջում է հայտարարվել»,-ասաց մյուս պաշտպան Լիաննա Գասպարյանը։

Նա Արայիկ Հարությունյանի՝ այսօրվա «Ամստերդամին կհակազդենք Ռոտերդամով» գրառումը դասեց այն գրառումների թվին, որոնց միջոցով փորձ է ավում ճնշում գործադրել դատավորների վրա։

«Պատճառահետևանքային կապն ուղիղ է»,-միջամտեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, երկրորդ դեպքը չկա, երբ իրականացվում է այսքան թափանցիկ  ֆեյսբուքյան արդարադատություն քաղաքական բաղադրիչով։