Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ. Report


Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ. Report
Օգոստոս 14 12:59 2025

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կգլխավորի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ փակելու Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։

 

Ադրբեջանական Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպական զեկույցների բյուրոյին հայտարարել է կազմակերպության գլխավոր գրասենյակը։

 

Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

 

ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է համատեղ դիմում՝ Նախարարների խորհրդին ուղղված առաջարկով՝ լուծելու Մինսկի խմբի և դրա հետ կապված այլ ինստիտուտների փակման հարցը։

 

Կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքուն հայտարարել է, թե հակամարտությունը լուծված է, և նման պայմաններում ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ դրա ինստիտուտների կարիք չկա։ Ադրբեջանն առաջարկել է, որ Հայաստանը համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։

 

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ներկայությամբ, ստորագրել են խումբը լուծարելու համատեղ կոչ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու երկու պայմաններից մեկն էր: