ՀԱԿ փոխնախագահ Լևւոն Զուրաբյանի հրապարակումը․
«Քանի որ իշխանությունները փորձում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ներկայացնել մեր հանրությանը որպես իրենց կողմից հաղթական մի նվաճում, արձանագրենք այս պահին եղած հետեւյալ սթափեցուցիչ իրողությունները.
Այն, ինչ որ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, ընդամենը Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը՝ նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է՝ դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից, որովհետև Ադրբեջանը, միևնույն է, հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շարունակում է օկուպացնել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները, հայ պատանդներ պահել բանտերում, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը և արցախահայերի վերադարձի բոլոր հնարավորությունները, պետական մակարդակով ծավալապաշտական հայատյաց քարոզչություն իրականացնել և հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին: Հայաստանի դեմ այս ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում:
Փաստորեն, գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում:
Անբացատրելիորեն, ստորագրումից արդեն 5 օր անց, չեն հրապարակվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք մեմորանդումները, որոնք մեր հանրությանը պետք է ներկայացնեին Թրամփի «միջանցքի» (դա հենց Թրամփի կողմից օգտագործված եզրույթն է) ստեղծման պայմաններն ու կարգավորումները, մինչդեռ, ըստ Reuters հեղինակավոր ինֆորմացիոն գործակալության, համաձայնությունը նախատեսում է 99 տարով ՀՀ տարածքի վարձակալություն ԱՄՆ-ի կողմից, որն էլ պետք է իր հերթին այն վերավարձակալության իրավունքով հանձնի մասնավոր ընկերությանը, ինչը չի կարող այլ կերպ ընկալվել, քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում:
Այն վիճակը, որն ստիպում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր այս նվաստացուցիչ և, ինչն ավելի կարևոր է, վնասարար պահանջները, ստեղծվել են հենց վարչապետ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավարության ընթացքում թույլ տրված կործանարար քաղաքական որոշումների հետևանքով: 2018 թվականից ի վեր, անվերջ այս աղետների հեղինակ փաշինյանական ռեժիմը փորձում է այդ աղետների ընթացքը իբր վերջապես կանգնացրած լինելու պատրանքը ներկայացնել որպես նվաճում, որն իրենց «մաքրում է» մեր ազգի գլխին բերած աղետների և կորուստների մեղավորությունից:
Հաշվի առնելով այս իրողությունները` իշխանական ռեժիմի քարոզչական այս արշավը այլ կերպ, քան բացահայտ ցինիզմի և խաբեության դրսևորում որակել հնարավոր չէ»: