Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից


Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքից
Օգոստոս 11 22:55 2025

Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։

«Երեւան ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել է, որ վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։

«Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։

Վարորդը փորձ է արել կանգնեցնելու մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։

Վարորդը ստացել է կոտրվածքներ, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել է նա։