«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ծառի տակ ընդմիջում անող 2 քաղաքացու․ նրանցից մեկը մահացել է


«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ծառի տակ ընդմիջում անող 2 քաղաքացու․ նրանցից մեկը մահացել է
Օգոստոս 9 14:15 2025

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ - Երևան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս՝ ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել։