«Ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել». փաստաբանը պնդում է՝ Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը, որ վաղեմության ժամկետն անցնի և խուսափի պատիժը կրելուց


«Ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել». փաստաբանը պնդում է՝ Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը, որ վաղեմության ժամկետն անցնի և խուսափի պատիժը կրելուց
Օգոստոս 8 14:57 2025

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր, այս մասին հայտարարել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

Ըստ փաստաբանի՝ ակնհայտ է դարձել, որ Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակն է, որ վաղեմության ժամկետն անցնի ու խուսափի պատիժը կրելուց։

«Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։ Դատարանի գնահատմամբ ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա դատական նիստի մասին տեղեկացված է եղել և չի ներկայացել, ինչպես նաև իրեն հայտնի է եղել, որ դատական ակտն իրեն ուղարկվում է և ինքը չի ստանում, Ջալալ Հարությունյանի գործողությունները դիտարկվեց որպես իրավունքի չարաշահում:

Թեև Ջալալ Հարությունյանը գրավոր հայտնել է իր գտնվելու վայրի մասին և պարտավորվել է ստանալ դատական ակտը, սակայն տուժող կողմը կարծում է, որ նա նորից խուսափելու է դատարանի որոշումը ստանալուց: Ակնհայտ է, որ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձը ցանկանում է խուսափել դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելուց, ձգտում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց ու այս անձին մի ամբողջ պաշտպանության բանակ է վստահվել, դե, բնականաբար, 44-օրյա պատերազմի արդյունքն էլ սա պետք է լիներ»,- նշել է Սիմոնյանը: